Շնորհակալական նամակ ՀՀ ոստիկանության պետին՝ «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ»-ի նախագահից
04.06.2013 16:57
Պաշտոնական
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ
Վ. Գասպարյանին
Հարգելի պարոն Գասպարյան, Հայաստանում եղանակը անցյալում նույնպես վատ անակնկալներ է մատուցել, սակայն այս տարվա կարկուտի տեսքով տեղումներն ավերիչ էին և աննախադեպ: ՀՀ գյուղատնտեսությանը ջախջախիչ վնասներ հասցրեց, մասնավորապես, մայիսին տեղի ունեցած կարկտահարությունը, և, ինչպես Դուք քաջատեղյակ եք, շատ ծանր վիճակում հայտնվեցին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ, ովքեր մի քանի վարկյանում ականատես եղան, թե ինչպես երկար ու քրտնաջան ամիսների ընթացքում խնամած այգիներն ու հողատարածքները գետնին տապալվեցին` մարդկանց թողնելով հուսահատ և անելանելի կացության մեջ:
Մեր հայրենակիցների ծանր հոգեվիճակը փոխանցվեց մեզ բոլորիս, ինչն էլ ոգեշնչեց օգնության ձեռք մեկնել նրանց: Այս նպատակով մենք հիմնեցինք «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամը», որպեսզի բարեգործական հիմունքներով օժանդակենք և օգնենք մեր 60.000 հայրենակիցներին, եթե ոչ վերացնելու, ապա գոնե նվազեցնելու կարկտահարության ավերիչ հետևանքները:
Պետք է հպարտորեն նշեմ, որ հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրերին մենք զգացինք մեր ժողովրդի սրտացավությունը` հոգեպես և նյութապես: ՀՀ ոստիկանությունը առաջիններից մեկն էր, որ հիմնադրամին օգնելու իր պատրաստակամությունը հայտնեց, և, կատարելով խոստումը՝ հանգանակեց ավելի քան 20 մլն դրամ: Ես վստահ եմ, որ այս գումարը հույսի լույս սփռեց մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների հոգիներում, որովհետև նրանք զգացին,որ ՀՀ պետական մարմիններն ամենևին էլ անտարբեր չեն նրանց հանդեպ:
Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ ոստիկանությանը` ի դեմս Ձեզ, այս հոգատար, աջակից, սատար կանգնելու պատրաստակամ վերաբերմունքի, մարդկային բարձր հոգևոր արժեքներ դրսևորելու և մարդասիրական քայլի համար: Սա ավելին է, քան զուտ նյութական աջակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` հավատը դեպի արդարությունը վերականգնելու համար:
Հարգանքներով` Ալեքսան Պետրոսյան
«Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ»-ի նախագահ,
Աժ պատգամավոր
Աժ պատգամավոր