ՆԳՆ ՈԶ ծառայողները Հռոմի ոստիկանության ակադեմիայում վերապատրաստման դասընթացներ են անցել
2023 թ. դեկտեմբերին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում վերապատրաստել 20 ոստիկանների, որոնք կզարգացնեն իրենց կարողությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության իրականացման ոլորտում։
Հաշվի առնելով ՆԳՆ ոստիկանության զորքերի դերը հասարակական կարգի և անվտանգության ապահովման ոլորտում՝ Հռոմ գործուղվեցին Ոստիկանության զորքերի 10 ծառայողներ՝ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Գևորգ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկանության զորքերի անձնակազմը հասարակական կարգի և անվտանգության ապահովում է իրականացնում ոչ միայն առօրյայում, այլև զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչը պահանջում է առանձնակի պատրաստվածություն։ Հռոմի ոստիկանության ակադեմիայում անցկացված վերապատրաստման դասընթացներին քննարկվել են հասարակական կարգի ապահովման համակարգին և ղեկավարմանը, ինչպես նաև խոշոր միջոցառումների պլանավորման և անցկացմանը վերաբերող հարցեր։
Տեսական գիտելիքներ ձեռք բերելուց բացի Ոստիկանության զորքերի ծառայողները հնարավորություն են ունեցել նաև գործնականում ծանոթանալու և ուսումնասիրելու իտալացի գործընկերների աշխատանքը։ Նրանք ծանոթացել են Հռոմ քաղաքի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին, Օլիմպիական մարզադաշտում ուսումնասիրել են միջազգային ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում և մարզադաշտից դուրս հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, իսկ Հռոմի հասարակական կարգի ապահովման ուսումնական կենտրոնում մասնակցել են մասնագիտական գործնական պարապմունքների։
Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո մասնակիցներին հանձնվել են վկայականներ:
Այցն իրականացվել է Իտալիայի պետական ոստիկանության և ԵԱՀԿ անմիջական աջակցությամբ։