Ոստիկանները հայտնաբերեցին քաղաքացուն դանակով վնասած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 5-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։ Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն ու պատրաստակամ արձագանքելու է ցանկացած հրապարակման՝ օրինազանցներին բերելով պատասխանատվության դաշտ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: