Ոստիկանությունը շարունակում է ինքնամաքրման գործընթացը․ բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ամիսը ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջոցառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի սահմանաչափից ավելի փայտանյութ տեղափոխող անձանց՝ ինչի հետևանքով ապօրինի ծառահատումների դեմ ուղղված ոստիկանության միջոցառումները որոշ դեպքերում ցանկալի արդյունք չեն տվել։ Մասնավորապես, համայնքային ոստիկանը ապօրինի ծառահատմամբ զբաղվող աձնին հայտնել է ոստիկանների գտնվելու վայրը, փայտածուխի արտադրությամբ զբաղվող անձանց նախապես զգուշացրել է ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների հնարավոր հանկարծակի ստուգայցի մասին և հորդորել վերացնել փայտածուխը պատրաստելու համար նրանց կողմից թույլ տրված խախտումների հետքերը, փայտանյութի մշակման արտադրամասի սեփականատիրոջը նախազգուշացրել է ոստիկանների՝ համայնք այցելելու մասին, և հորդորել մինչև նրանց ժամանելը դադարեցնել արտադրամասի աշխատանքները։ Ոստիկանն իր ծառայության ընթացքում թույլ է տվել, որ քաղաքացիներն առանց ստուգման անշարժ պահակետով փայտանյութ տեղափոխեն։ Դրա համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել նույն բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ավագ ոստիկանի հետ։
Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի վերաբերյալ մանրամասներ։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։
Միաժամանակ, փոխգործակցելով ազգային անվտանգության ծառայության հետ, բացահայտվել է ոստիկանության մեկ այլ ծառայողի ապօրինություններ։ Ըստ քննությանը հայտնի նախնական տվյալների՝ ոստիկանության ՊՊԳ վարչության Իջևանի պահպանության բաժնի վաշտի ոստիկանը զբաղվել է փայտանյութի ապօրինի վաճառքով։
Ծառայողական քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է ոստիկանի կողմից Գանձաքար գյուղի հարակից տարածքից ապօրինի եղանակով ընկուզենու փայտանյութ ձեռք բերելու և վաճառելու հանգամանքը։
Պարզվել է նաև, որ ոստիկանը և երկու քաղաքացիներ, «Խաչարձան» անտառպետության տարածքից բեռնատարով փայտանյութը դուրս են բերել, տեղափոխել և վաճառել։
Այս դեպքով ծառայողական քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: