Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11.08.2015 18:12
Համակարգի լրատու
Օգոստոսի 11-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Բուլղարիայում բնակվող մեր հայրենակիցը տեղեկացրել է, որ նախկինում այլ երկրի քաղաքացիություն ստանալու նպատակով դիմել է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար: Ներկայումս կարո՞ղ է արդյոք այն վերականգնելու համար գրավոր դիմում ներկայացնել: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` ՀՀ օրենսդրությամբ որևէ արգելք սահմանված չէ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո այն ստանալու նպատակով կրկին դիմելու համար:
ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ունի կացության կարգավիճակ: Այլ երկրի անձնագրի ժամկետը 2016 թ. մայիս ամսին լրանում է: Ներկայումս ցանկանում է դիմել կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու համար: Եթե հետագայում օտարերկյա պետության անձնագիրը փոխանակվի, արդյո՞ք պետք է կրկին դիմի նոր կացության կարգավիճակ ստանալու համար: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` եթե չի լրացել կացության կարգավիճակի ժամկետը, և քաղաքացին փոխել է իր օտարերկյա պետության անձնագիրը, կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն: Արդյունքում` համապատասխան նշում կկատարվի կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթում, և նոր կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն չի առաջանա:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ հանգիստը ընտանիքով ցանկանում են անցկացնել Հայաստանի Հանրապետությունում: Հետ վերադառնալուց առաջ ցանկանում են փոխանակել երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը: Տվյալ դեպքում անհրաժե՞շտ է արդյոք ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` անձնագրի փոխանակման դեպքում ներկայացվում է փոխանակվող անձնագիրը: Եթե անձնագիրը փոխանակվում է տվյալների փոխանակման կամ անճշտության հիմքով, տվյալ դեպքում անհրաժեշտություն է առաջանում անձնագրի հետ միաժամանակ ներկայացնել տվյալների փոփոխությունը կամ անճշտությունը հիմնավորող ապացույց (անվանափոխության վկայական, ծննդյան վկայական և այլն):