Ուժեղացված ծառայություն Արարատում․ հայտնաբերվել են թմրանյութ, զենք-զինամթերք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումները, հասարակական անվտանգությամբ մտահոգ, հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել ։ Ուժեղացված ծառայությանը ներգրավվել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի մարզի ստորաբաժանումների ծառայողները։ 110 ոստիկանից կազմված 28 կարգախմբերը Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։
Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլ օգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։
Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: