Չարենցավանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարությունը
Հունիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ ծակած-կտրած վերքերով երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: 
Օպերատիվ հարցումների և այլ միջոցառումների շնորհիվ Չարենցավանի քրեական հետախույզները պարզեցին, որ հաղորդումից րոպեներ առաջ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասում մեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ժամանակ էլ մասնակիցներից մեկը, որը նույն թաղամասի 41-ամյա բնակիչ է, դանակահարել էր նրանց։ 
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Չարենցավանի բաժին: 
 Նա խոստովանել է կատարածն ու ներկայացվել նախաքննական մարմնին: Քննչական բաժին է փոխանցվել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					