Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Թեմաներն էին՝ «Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ պայքարի առանձնահատկությունները», «Ոստիկանության համակարգում ծառայողական քննությունների անցկացման կարգը եւ դրանք իրականացնող անձի լիազորությունները», «Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման քրեաիրավական բնութագիրը, մարդու շահագործման ձեւերը» եւ «Հերթափոխի պարտականությունները՝ վարչական կարգով ձերբակալված եւ բերված անձանց, ոստիկանության հերթապահ մաս բերված անձանց պահման խցերում ընդունելու, նրանց պահելու եւ ազատելու ուղղությամբ»։
Ընդգծելով մասնավորապես վերջին շրջանում անչափահասների կատարած հիմնական հանցատեսակները՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց անչափահասների շրջանում տարվող կանխարգելիչ միջոցառումները։
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վարդան Հարությունյանն իր զեկույցում ներկայացրեց ոստիկանության ծառայողների կարգապահական խախտումների քննության մեխանիզմն ու ծառայողական քննություններն իրականացնողների լիազորությունները։
Ոստիկանության առանցքային խնդիրներից մեկը մարդու թրաֆիքինգի դեմ պայքարն է։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արտյոմ Պողոսյանը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ձերբակալված եւ ոստիկանություն բերման ենթարկվածներին առնչվող հարցերը ներկայացրեց ոստիկանության շտաբի հերթապահ մասի պետ Արայիկ Առաքելյանը։
Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից հետո ցուցումներ տրվեցին տվյալ ոլորտներում աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։