Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 26-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ՝ գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել, ապա գցել է գետնին։ Նա ձերբակալվել և տարվել է Կումայրիի բաժին։ Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ 26-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտաբերվածը «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով։ Պարզվել է նաև, որ նա ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով։
Ապրիլի 4-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Վարդանանց հրապարակում լուսային անսարքության համար կանգնեցրել են 25-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Վարորդը անսարքությունը տեղում վերացնելուց հետո փորձել է մեքենայի սրահում ինչ-որ բան թաքցնել։ Պարեկների պահանջով նա ներկայացրել է սպիտակ փոշենման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, որի մի մասն օգտագործել էր կաթուցիչով, մյուսը՝ պահել մեքենայում։ 25-ամյա վարորդը ձերբակալվել է։
Շիրակի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 6-ին Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով և մարիխուանայով փաթեթ։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերված թմրամիջոցները ձեռք է բերել «Տելեգրամով»։
Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։