Գեղարքունիքի պարեկները թմրանյութ, զենք-զինամթերք և դանակներ են հայտնաբերել
Հունիսի 15-ին Գեղարքունիքի պարեկները Շահումյան փողոցում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 61-ամյա վարորդին և 31-ամյա ուղևորին։ Ուղևորը իրավապահներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ կար։
Հունիսի լույս 17-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները Ներքին Գետաշեն բնակավայրի անտառամերձ հատվածում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Մարտունու բաժին են տեղափոխել 18 և 45 տարեկան երկու անձի։ 45-ամյա տղամարդու հայտնածով՝ Տելեգրամի միջոցով թմրամիջոց էր գնել, որը տեղադրել էին նշված վայրում։ Նրանց մատնացույց արած հատվածում իրավապահները հայտնաբերել են կանեփանման զանգված։
Հերթական դեպքը գրանցվել է հունիսի 19-ին: Գեղարքունիքի պարեկները Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Սևանի բաժին են տեղափոխել 27-ամյա վարորդին և 21-ամյա ուղևորին։ Վարորդը ներկայացրել է կանեփանման զանգվածով կաթուցիչ, գաղտնի փականով 4 ծալովի դանակ, մահակ, իսկ ուղևորը՝ մարիխուանայով փաթեթ։
Հաջորդ օրը Գեղարքունիքի պարեկները Մ-4 ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «Տոյոտան»։ Պարեկները ստուգման ընթացքում մեքենայում նռնակ են նկատել։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին։ Նա իրավապահներին է ներկայացրել դանակ, կացին և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։
Հունիսի լույս 21-ի գիշերը Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 34-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ 36-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա և 34-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Սևանի բաժին։
Հունիսի 23-ին Գեղարքունիքի պարեկները նույն ճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են 34-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ»-ն։ 23 և 30 տարեկան 2 ուղևորները իրավապահներին են ներկայացրել դեղնականչավուն զանգվածով կաթուցիչներ։ Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են Սևանի բաժին։
Նույն օրը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին պարեկները կանգնեցրել են 41-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով ընդհանուր 10 գրամից ավելի ապակե գլանակ։
Նույն օրը հերթական դեպքն է բացահայտվել՝ այս անգամ Գեղարքունիքի ջրային պարեկների կողմից: Սևանի թիվ 1 հանրային լողափի տարածքում ջրային պարեկները ստուգման նպատակով մոտեցել են կայանված մի մեքենայի։ Ուղևորները դրսևորել են անկանոն վարքագիծ։ 34-ամյա ուղևորը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Սևանի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հոգեմեդ 15 դեղահաբեր։ Նա նաև մեքենայից ներկայացրել է մոխրացած դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Հունիսի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Սևանի թերակղզու տարածքում կանգնեցրել են «Հոնդա» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ 31-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկների պահանջով երևանցի 29-ամյա ուղևորը կիսով չափ դատարկել է գրպանների պարունակությունը և դիմել փախուստի: Պարեկները հետապնդել և ձերբակալել են նրան: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի մետ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ, իսկ փամփուշտատուփը լիցքավորված էր 8 փամփուշտով: 29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։