Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը պարեկները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել
Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացրած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Ամիրյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Պարեկները նկատել են, որ վարորդը և ուղևորը կասկածելի վարքագիծ են դրսևորել, բացի այդ՝ ոստիկանության ծառայողները բեռնախցիկում մեքենաների կողային հայելիներ են նկատել։ Կարգախումբը Երևանում բնակվող 23 և 22 տարեկան երիտասարդներին կասկածանքով բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիներ, որոնք, ըստ բերման ենթարկված երիտասարդներից մեկի, գողացել էր Երևանի տարբեր թաղամասերում կայանված մեքենաներից։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են տուժողների ինքնությունը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։