ՆԳ նախարարը պարեկներին շնորհավորել է պարեկային ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ
Հուլիսի 7-ին լրանում է Պարեկային ծառայության ստեղծման երկու տարին, ինչի կապակցությամբ պարեկային ծառայություն էին այցելել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալներն ու ոստիկանության ղեկավար կազմը։
Շնորհավորելով պարեկներին ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրանց ծառայությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կարգավորմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը: Նա նաև փաստեց, որ պարեկային ծառայությունը նոր շունչ է հաղորդել ոստիկանության աշխատանքին։
Ներքին գործերի նախարարը նշեց, որ երկու տարվա ընթացքում պարեկները շարունակել են կատարելագործել մասնագիտական կարողությունները և այսօր շատ ավելի բարձրորակ ծառայություն են մատուցում մեր քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Այդ ուղղությամբ Վահե Ղազարյանն ընդգծեց, որ պարեկային ծառայության ստեղծումն ու գրանցած արդյունքներն են նաև նպաստել տարբեր հարցումներում հանրության կողմից ոստիկանության նկատմամբ վստահության աճին։
Բարի ծառայություն մաղթելով պարեկներին՝ Վահե Ղազարյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով և ամենօրյա քրտնաջան աշխատանքով պարեկային ծառայությունը դարձնել էլ ավելի պրոֆեսիոնալ և կայացած կառույց։
Իր խոսքում Վահե Ղազարյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, միջազգային գործընկերներին և հասարակական կառույցներին՝ Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:
Ներկայացվեց պարեկային ծառայության երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքը, ինչից հետո ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ պարեկներ պարգևատրվեցին։
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ոստիկանության զորքերի երգչախումբը։
Պարեկային ծառայությունը ստեղծվեց 2021 թ. հուլիսի 7-ին։ Առաջինը ծառայության դուրս եկան Երևանի պարեկները, իսկ 2022-ին և 2023-ին՝ Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները։
Չնայած երկամյա գոյությանը, պարեկային ծառայության բոլոր ստորաբաժանումները ոչ միայն արդյունավետ հսկողություն են իրականացնում ճանապարհային երթևեկության նկատմամբ, այլև արդյունավետ պայքարում են հանցավորության դեմ՝ բացահայտելով տարբեր բնույթի, վտանգավորության ու ծանրության հանցագործություններ։ Այդ մասին վկայում են բազմիցս հրապարակված վիճակագրական տվյալները։
Պարեկների պայքարն ակնառու է հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ, ինչը մեր օրերում իրավապահ համակարգերի առաջնային խնդիրներից է։ Պարեկային ծառայության և՛ մայրաքաղաքի, և՛ մարզերի ստորաբաժանումները ապօրինի թմրաշրջանառության, այդ թվում՝ իրացման դեպքեր բացահայտում են ամենօրյա ռեժիմով, առավելապես գիշերային ծառայության ընթացքում՝ հայտնաբերելով համացանցի միջոցով վաճառվող թմրամիջոցների մեծ խմբաքանակներ։
Այժմ ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառում են ապագա պարեկները, որոնք շուտով ծառայության կանցնեն Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ կանգնելով հանցավորության դեմ պայքարի և հասարակական անվտանգության ապահովման առաջնագծում։
Ներկայումս գործնական քայլեր են ձեռնարկվում պարեկային ծառայության առանձին ուղղության՝ ջրային պարեկային ծառայության ձևավորման առումով։ Ժամանակակից ջրային տեխնիկայով և սպառազինությամբ հագեցած ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու Սևանա լճում ու ափամերձ տարածքում՝ ապահովելով հովեկների և զբոսաշրջիկների անվտանգությունը։
Այսօր պարեկային ծառայության շարքերում են նաև կանայք, որոնք իրենց մասնագիտական հմտություններով նպաստում են ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Եվ, պատահական չէ, որ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը շարունակում է մնալ խրախուսելի։
Գոյության երկու տարվա ընթացքում, չնայած ծագած խնդիրներին ու բացթողումներին, պարեկային ծառայությունը շարունակում է առաջ ընթանալ կատարելագործվելու և պրոֆեսիոնալությունը զարգացնելու ճանապարհով, ինչը դրական օրինակ է նաև ծառայության շարքերը համալրել ցանկացողների համար։