ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. փաստերն աղավաղված են, «մեղադրանքները»՝ հիմնազուրկ և չիմացության արդյունք
«Ժողովուրդ» թերթը դեկտեմբերի 20-ին հանդես է եկել հերթական «խորիմաստ» հրապարակումով և ի ցույց դնելով իր անգրագիտությունը՝ գերատեսչությունների գործառույթների տարրական չիմացությունը, փորձել է ինտրիգ մտցնել ոստիկանության ու քննչական կոմիտեի միջև: Նման վարքը հարիր չէ լրատվամիջոցին, որը կոչված է ոչ թե ասեկոսեներ ու պարզունակ «եզրակացություններ» տարածելու, այլ պետք է անաչառ ներկայացնի իրողությունները:
Եվ ահա ստիպված ենք կրկին մեկնաբանել արդեն իսկ մեկնաբանածը, որը լրատվամիջոցն աղավաղել է:
Ըստ թերթի՝ «Աղվան Հովսեփյանը դժգոհել է. «Որպես նախաքննական մարմին՝ պարտավոր ենք ապահովելու հանցագործությունների բացահայտումը»: Ի պատասխան թերթի հարցման, թե քննչական կոմիտեի նախագահը դժգոհել է ոստիկանության աշխատանքից, ոստիկանությունից ասվել է, որ նա «իր կառույցից է խոսել»:
Այդպես էլ կա, պարզապես որպեսզի «ժողովուրդ»-ը վերջապես սովորի «նախաքննությունը» տարբերել «հետաքննությունից», ստիպված ենք մատների վրա բացատրել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի համաձայն՝ նախաքննության մարմինները ՀՀ քննչական կոմիտեի, ՀՔԾ-ի, հարկային, մաքսային մարմինների քննիչներն են: Նույն օրենսգրքի 56-րդ հոդվածով նախատեսված են հետաքննության մարմինները, որոնց թվում է ոստիկանությունը: Իսկ 27-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու և հանցագործությունը բացահայտելու պարտականություն, իրենց իրավասության սահմաններում, ոչ միայն ոստիկանությունը, այլև քննիչներն ու դատախազներն են կրում:
Հասկանալի՞ է: Եվ եթե հասկանալի է ձեր «չտեսած», բայց ակնհայտ այս իրողությունը, ի՞նչ «մեղքը բարդելու» մասին է խոսքը: Ինչի՞ համար են չեղած ու չասված բաներ հռչակելու և մութ սենյակում սև կատու փնտրելու՝ «Ժողովուրդ»-ի ջանքերը:
Ի վերջո, քննչական կոմիտեի ղեկավարի խոսքում բառ անգամ չկա ոստիկանության մասին, խոսքը վերաբերում է «նախաքննական մարմնին», և զարմանալի ու զավեշտալի է, որ լրատվամիջոցը մի գերատեսչության գործունեության վերաբերյալ պարզաբանում է պահանջում մեկ այլ գերատեսչության լրատվության պատասխանատուից:
Հասկացեք, վերջապես, որ երկու իրավապահ կառույցները իրականացնում են իրենց վերապահված գործառույթները և միմյանց վրա որևէ բան «բարդելու» խնդիր չունեն, իսկ զանազան հիմնահարցերի մասին բարձրաձայնելը աշխատանքը բարելավելու՝ իրավապահների մտահոգության մասին է խոսում:
Իսկ թե ինչի մասին են խոսում «Ժողովուրդ»-ի հիմնազուրկ մտարկումները, դժվարանում ենք ասել: Մասնագիտական անկարողունակությո՞ւն է սա, թե՞ ոստիկանության շուրջը ջուր պղտորելու կասկածելի հետևողականություն. թողնենք թերթի բացատրությանը: