Պարզաբանում
«Newspress.am» կայքն անդրադարձել է ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանին ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության պետ նշանակելու փաստին և հղում անելով նրա` 14.04.2016-1.02.2018 թթ կադրերի ռեզերվում գտնվելու հանգամանքին` շատ խիստ մտահոգություն է հայտնել, թե Վլադիմիր Գասպարյանի հրամանով կադրերի ռեզերվ ուղարկվածներին վերադարձնելը «լրջագույն խնդիրների առաջ կարող է կանգնեցնել համակարգը»:
Փարատելով լրատվամիջոցի խիստ մտահոգությունը` պարզաբանենք, որ Արթուր Խաչատրյանը կադրերի ռեզերվից վերադարձվել է հենց... Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2018 թ. փետրվարի 1-ին, և նշանակվել Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի պետի տեղակալ: Ապա` Վլադիմիր Գասպարյանի 2018 թ. մարտի 28-ի հրամանով Արթուր խաչատրյանը պարգևատրվել է «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
Հավելենք նաև, որ ոստիկանությունը կենդանի կառույց է, որին, մնացած բոլոր կառույցների պես, հատուկ է կադրերի ներքին տեղաշարժը, և կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի գրանցվելն ու վերադարձը այդ բնականոն տեղաշարժի դրսևորումներից է:
Լրատվամիջոցներին կրկին հորդորում ենք ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս համագործակցել համապատասխան ծառայությունների հետ ու թյուրիմացությունից զերծ պահել հանրությանը: