Պարզաբանում
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կայքերից մեկի հետ զրույցում դժգոհություն է հայտնել վարորդների գնահատման ներդրվող բալային համակարգի վերաբերյալ ու մեղադրանքներ ներկայացրել ոստիկանությանը: Ի գիտություն Տ. Հովհաննիսյանի հայտնում ենք, որ բալային համակարգի ներդրումն ուղղված է երթևեկության կանոնների հատկապես ծանր խախտումների կանխմանն ու բացառմանը, ու, մեղմ ասած, զարմանալի է, երբ իրեն վարորդների պաշտպանությանը նվիրած մարդը արդարացնում է խախտումները, իբր «անհնարին է այսօր խախտում չկատարելը»:
Առավել զարմանալի է, երբ պրոֆիլային հ/կ-ի նախագահը օրինագծի վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտում է պոստֆակտում, երբ տառացիորեն երեկ չէ առաջին օրը ոստիկանությունում կազմակերպվել էր օրինագծի մասնագիտական քննարկում, որի մասին իրազեկվել էր ողջ հանրապետությունը ու մասնակցել էին տասնյակ շահագրգիռ կազմակերպություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Բացի... Տիգրան Հովհաննիսյանից: Հանրությունն ազատ է ենթադրելու, որ կամ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» ղեկավարը շահագրգիռ չէ, կամ էլ գործ ունենք պոպուլիստական աղմկարարության հետ:
Ինչ վերաբերում է իբր վաճառված վարորդական վկայականներին, ապա Տ. Հովհաննիսյանին հորդորում ենք զերծ մնալ մերկապարանոց հայտարարություններից կամ էլ փաստարկել մեղադրանքը, որպեսզի մեղավորներն արժանի պատիժ կրեն: Հակառակ դեպքում նման հայտարարությունների կապակցությամբ ստիպված կլինենք մտածել, որ գուրծ ունենք օրենսդրությամբ նախատեսված անթույլատրելի արարքի հետ: