ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի Լ. Այվազյանը Արարատ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ պարզել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Արարատ քաղաքի Կոմիտաս 12 բն. 37 հասցեում հաշվառված են իրեն անծանոթ 2 ընտրողներ` Ա. Գրիգորյանը և Լ. Նալբանդյանը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ա. Գրիգորյանը, ըստ Արարատի անձնագրային ծառայությունում առկա հիմքերի, հանդիսացել է նշված հասցեի նախկին վարձակալ և բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից վերջինիս հաշվառումից հանելու վերաբերյալ համապատասխան դիմում երբևէ Արարատի անձնագրային ծառայությունում չի ստացվել, ուստի և իրավաչափորեն ընդգրկված է եղել Արարատ համայնքի ղեկավարի ընտրողների ցուցակներում:
Ընտրական գործընթացների շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, ըստ որոնց բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի անխոչընդոտ դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի տարածքային անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածության նկատմամբ իրավատեր չհանդիսացող ցանկացած անձի:
Ինչ վերաբերում է Լ. Նալբանդյանին, ապա վերջինս իրականում հանդիսանում է Արարատ քաղաքի Կոմիտաս 12 բն. 27 հասցեի բնակիչ, որի հաշվառման հասցեն դեռևս 2001թ-ին տեխնիկական վրիպման արդյունքում համակարգչային պահոց է ներմուծվել սխալ` բնակարան 27-ի փոխարեն նշվել է 37: Անճշտությունը շտկելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում շահագրգիռ անձանց կողմից գրավոր դիմումներ Արարատի անձնագրային ծառայությունում չեն ստացվել:
Հաշվառման հասցեի վերաբերյալ տեխնիկական անճշտությունը բնակչության պետական ռեգիստրի պահոցում արդեն իսկ շտկվել է:
Մեկ այլ հրապարակումով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի Գ. Ալեքսանյանը պարզել է, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող Արարատ քաղաքի Խանջյան 26 բն. 17 հասցեում հաշվառված է իրեն անծանոթ ընտրող` Կ. Բազիկյանը:
Ստուգմամբ պարզվել է, որ Կ. Բազիկյանը իրականում հանդիսանում է Արարատ քաղաքի Խանջյան 26 բն. 7 հասցեի բնակիչ, որի հաշվառման հասցեն դեռևս 1997թ-ին տեխնիկական վրիպման արդյունքում համակարգչային պահոց է ներմուծվել սխալ` բնակարան 7-ի փոխարեն նշվել է 17: Անճշտությունը շտկելու վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում շահագրգիռ անձանց կողմից գրավոր դիմումներ Արարատի անձնագրային ծառայությունում չեն ստացվել:
Հաշվառման հասցեի վերաբերյալ տեխնիկական անճշտությունը բնակչության պետական ռեգիստրի պահոցում նույնպես շտկվել է: