Պարզաբանում

«Հայկական ժամանակ» օրաթերթի հունիսի 3-ի համարի «Ոստիկանությունում դժգոհ են» հրապարակման միակ ճշմարիտ դիտարկումն այն է, որ ոստիկանության ծառայողներին, ինչպես ցանկացած քաղաքացու, մտահոգում են սոցիալական խնդիրները և դրանց լուծման անհրաժեշտությունը:
Թերթի՝ «լավատեղյակ աղբյուրներից» ստացված «տեղեկությունները», ինչպես և դրանցից արված եզրակացությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը և չէին էլ կարող համապատասխանել:
Ոստիկանությունը բազմիցս հաստատել է, որ գործում է բացառապես օրենքի շրջանակներում: Ոստիկանությունը համոզված է նաև, որ միայն օրինական եղանակներով հանրությունը կարող է հասնել իր սոցիալական խնդիրների լուծմանը: Եվ ոստիկանությունն այդ դեպքում լիարժեք կիրականացնի քաղաքացու իրավունքների պաշտպանության իր գործառույթը, հակառակ դեպքում իրավախախտները կենթարկվեն նույնքան օրինական պատասխանատվության:
Կրկին հիշեցնում ենք. ոստիկանության հանդուրժողականությունը պայմանավորված է ոչ թե սոցիալական հանգամանքներով, այլ բխում է օրենքի տառից ու ոգուց, և լրատվամիջոցներին էլ կոչ ենք անում չվստահել «լավատեղյակ աղբյուրներին», այլ գործակցել ոստիկանության հետ ու ստանալ ստույգ ու պրոֆեսիոնալ տեղեկատվություն: