Պարզաբանում
«Lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Երթևեկության կազմակերպման համար պատասխանատու պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության» հոդվածում արծարծված հարցերի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2012 թ. հունվարի 16-ից (արագաչափերի և տեսախցիկների գործարկման օրվանից) մինչև 2015 թ. հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայացվել է մոտ 3 մլն 200 հազար որոշում՝ 439.046 տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Նշված տրանսպորտային միջոցներից 111.027-ն ունեն 1 իրավախախտում, 68.308-ը՝ 2, 47.740-ը՝ 3, 34.904-ը՝ 4, 26.441-ը՝ 5, 20.604-ը՝ 6, 128.659-ը՝ 7-ից 100, իսկ 1.363-ը՝ 101-ից ավելի իրավախախտումներ:
Այսինքն, իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցներից 227.075-ը կամ 51.7%-ը ունեն 1-3 իրավախախտում, 81.949-ը կամ 18.7%-ը՝ 4-6 իրավախախտում, իսկ 130.022-ը կամ 29.6%-ը՝ 7 և ավելի իրավախախտում:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է 3.5 տարիների վիճակագրությանը, ապա վերը նշված վերլուծությունից հետևում է, որ իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցներից 227.075-ը կամ 51.7%-ը ունեցել են տարեկան մեկից էլ պակաս իրավախախտում:
Ինչ վերաբերում է իրավախախտումների քանակի տարեցտարի ավելացմանը, ապա դա պայմանավորված է ոչ թե պատժողական քաղաքականությամբ (կամ ինչպես նշված է հոդվածում՝ «որքան շատ են տուգանում, այնքան շատ են խախտում»), այլ արագաչափ սարքերի և տեսախցիկների քանակի ավելացմամբ: Իսկ խախտումները կանխարգելելուն ուղղված քաղաքականության արդյունավետության հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել ընդամենը 2 արագաչափերի վիճակագրական տվյալները: Այսպես. Երևան քաղաքի Լենինգրադյան և Բագրատունյաց փողոցներում 2012 թվականի հունվարի 16-ից գործող արագաչափ սարքերով գործարկման առաջին 15 օրերի ընթացքում հայտնաբերվել է համապատասխանաբար 1198 և 1254 իրավախախտում: Մինչև տարեվերջ այդ թվերը պարբերաբար նվազել են և 2012 թվականի դեկտեմբեր ամսին կազմել համապատասխանաբար 301 և 369 իրավախախտում, իսկ 2013 թվականի դեկտեմբեր ամսին՝ համապատասխանաբար 205 և 121 իրավախախտում: Այսինքն, կարող ենք փաստել, որ արագաչափերի կիրառմամբ տվյալ հատվածներում խախտումները նվազել են 6-10 անգամ:
Ճանապարհային ոստիկանություն