Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ապրիլի 19-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Ռուսաստանում բնակվող մայրը ցանկանում է ամռանն այցելել Հայաստան, նրա անձնագրի վավերականության ժամկետը լրանում է սեպտեմբերին և փաստաթղթում առկա է ՌԴ մշտական բնակության մասին նշումը: Քաղաքացուն հետաքրքրում էր, թե կարո՞ղ է նշված հանգամանքը խոչընդոտել մոր մուտքը Հայաստան: Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացու կողմից այլ երկրում մշտական բնակության իրավունք ստանալը հիմք չէ անձնագիրն անվավեր ճանաչելու համար և նրա մայրը կարող է առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստան:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 5 տարեկան երեխայի անձնագրի վավերականության ժամկետը լրանում է հուլիսին և ցանկանում է տեղեկանալ, թե հնարավո՞ր է լիազորված անձի միջոցով Հայաստանից ստանալ անձնագիր, եթե երեխան արտերկրում է: Նրան պարզաբանվել է, որ հին նմուշի անձնագիրը լիազորագրով հնարավոր չէ տրամադրել: Ինչ վերաբերում է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրին, ապա մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով, սակայն երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր է, որպեսզի տեղում լուսանկարվի: Խորհուրդ է տրվել անձնագիր ստանալու համար դիմել դիվանագիտական ծառայություն:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: