Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 29-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Օտարերկրյա պետությունից զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 2005 թվականին, այլ երկրի քաղաքացիություն ստանալու համար, ստիպված է եղել հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից և ցանկանում է տեղեկանալ, թե կա՞ որևէ իրավական արգելք քաղաքացիությունից հրաժարվելուց հետո կրկին քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու: Նրան պարզաբանվել է, որ օրենսդրությամբ որևէ արգելք և ժամկետային սահմանափակում նախատեսված չէ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելուց հետո կրկին այն ստանալու դիմում ներկայացնելու համար: Հարցը լուծվում է Հայաստանի քաղաքացիություն շնորհելու ընդհանուր հիմունքներով՝ հանրապետության նախագահի հրամանգրով, 6 ամսյա ժամկետում:
Օտարերկրյա պետությունից զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ տեղեկացրել է, որ ծնվել է 1993 թվականին Հայաստանում: Ծնվելուց 2 ամիս անց ընտանիքով մեկնել են Ռուսաստան՝ մշտական բնակության: Ծնողների՝ ՌԴ քաղաքացիության հարցը ներկայումս վիճահարույց է, իսկ պատկան մարմիններն էլ իրեն տեղեկացրել են, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի չի հանդիսանում: Նրան պարզաբանվել են օրենսդրության պահանջները և միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունները: Եթե նույնիսկ ծնողների ՌԴ քաղաքացիությունը վիճահարույց չլիներ և նրանք օրենքի ուժով չհամարվեին Հայաստանի քաղաքացիներ, ապա միայն այն հանգամանքը, որ երեխան Ռուսաստանի քաղաքացի չի հանդիսանում, բավարար է անձին Հայաստանի քաղաքացի համարելու, քանի որ վերջինս ծնվել է Հայաստանում: Զանգահարողին պարզաբանվել է նաև, որ «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ ցանկացած Պայմանավորվող պետություն իր քաղաքացիությունը շնորհում է իր տարածքում ծնված ցանկացած անձի, որն այլապես կդառնար քաղաքացիություն չունեցող անձ։
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: