Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ
Դեկտեմբերի 6-ին մեր հայրենակիցները ավանդույթի համաձայն Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին:
Հայաստանից զանգահարած քաղաքացին երկու հարց ուներ. նախ, ինքը նաև ՌԴ քաղաքացի է, սակայն օրենքով սահմանված ժամկետում այդ մասին անձնագրային մարմիններին չի տեղեկացրել և ցանկանում էր տեղեկանալ, որ եթե իր նախաձեռնությամբ ներկայանա անձնագրային ծառայություն և հայտնի նշվածի մասին, կենթարկվի՞ արդյոք վարչական պատասխանատվության: Իսկ մյուս հարցն այն էր, որ ՌԴ քաղաքացիությունը ստանալուց հետո մի քանի տարի է, ինչ բնակվում է Հայաստանում և ցանկանում էր տեղեկանալ, թե արդյո՞ք ՀՀ-ում գտնվելու կամ բնակվելու ժամկետը խախտելու համար ենթակա է վարչական պատասխանատվության:
Քաղաքացուն պարզաբանվել է, որ իր նախաձեռնությամբ անձնագրային ծառայություն այլ պետության քաղաքացիություն ստացած լինելու մասին տեղեկություն տրամադրելու դեպքում չի ենթարկվի վարչական պատասխանատվության, նույնիսկ այն պարագայում, երբ լրացել է մեկամսյա ժամկետը: Բացի այդ, իրազեկվել է, որ շրջանառության մեջ են դրվել համապատասխան օրինագծերի նախագծեր, որոնցով վերացվում է ՀՀ քաղաքացու կողմից այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում ՀՀ իրավասու մարմնին տեղեկացնելու պարտականությունը, ըստ այդմ նաև չտեղեկացնելու պարագայում վարչական պատասխանատվություն նախատեսող նորմը:
Ինչ վերաբերում է Հայաստանում բնակվելու ժամկետային սահմանափակմանը, տեղեկացվել է, որ երկքաղաքացիները ՀՀ-ի համար ճանաչվում են միմիայն ՀՀ քաղաքացիներ և օգտվում ՀՀ քաղաքացու համար օրենքով սահմանված իրավունքերից ու կրում պարտականությունները: Հետևաբար, անկախ նրանից, անձը բացի ՀՀ քաղաքացիությունից քանի երկրի քաղաքացիություն ունի, Հայաստանում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման և նրա վրա որևէ վարչական ներգործության միջոց չի կարող կիրառվել այդ առումով:
Մյուս բոլոր հարցերը կրել են տեղեկատվական բնույթի և տրվել են սպառիչ պատասխաններ:
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: