Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի ոստիկանները հայտնաբերեցին սպանության մեղադրանքով հետախուզվողին
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Խորենացու և Բեյրութի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին սպանության մեղադրանքով հետախուզվող 56-ամյամի տղամարդու: Նա տեղափոխվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին 1,07 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և դեղահաբեր: 56-ամյա տղամարդը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի էր. մեկուկես ժամ անց նա մահացել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ հունիսի 8-ի ժամը 22-ից ժամը 23.50-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց փողոցի հասցեներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդուն դանակահարել էր Արարատ քաղաքում հաշվառված 56-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր: Երկամսյա կալանքից հետո դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել գրավը: Սակայն սահմանված կարգը խախտելու պատճառով խափանման միջոցը փոխվել էր. դատարանը դարձյալ խափանման միջոց էր ընտրել կալանքը: 56-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ դեկտեմբերի 2-ին հայտարարվել էր հետախուզում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: