Սպանության փորձ՝ Պտղունք գյուղի վարչական տարածքում
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նոյեմբերի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Պտղունք գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակիչը որսորդական հրացանի նմանվող հրազենից կրակոցներ է արձակել «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ 37-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորն էին: Կրակոցների հետևանքով մեքենան վնասվել էր:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում էջմիածինցի 41-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական ողորկափող հրացանը և հայտնել, որ ինքն է կրակել մեքենայի ուղղությամբ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: