ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանության փորձ կատարած երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Հունվարի 17-ին, ժամը 20.20-ին, Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տուժողը դեպքից օրեր առաջ Երևանի Կիևյան փողոցում ընկերների հետ ծեծել էր 29-ամյա մի երիտասարդի, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Նա էլ, այսպես ասած՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով հունվարի 17-ի երեկոյան ընկերների հետ եկել էր մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 27 շենքի բակ ու դարանակալել։ Երբ տուժողը մտել էր շքամուտք, 29-ամյա երիտասարդը ապօրինի պահվող հրազենից մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ և փախել։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին, որոնք արդյունք տվեցին փետրվարի 6-ին։ Նա հայտնաբերվեց Երևանի Սևաստոպոլյան փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
29-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: