Սպանության փորձի համար մեղադրվող եղեգնաձորցին հայտնաբերվեց
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների հետ: Հունիսի 17-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում իրավապահները ձերբակալեցին Եղեգնաձորի Բաղրամյան փողոցի 31-ամյա մի բնակչի: Նա Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Դեպքը կատարվել էր մայիսի 6-ին: Այդ օրը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում առաջին ահազանգը ստացվեց ժամը 23.45-ին. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Եղեգնաձորի հիվանդանոցի մոտ բարձր խոսակցության ձայն և հայհոյանքներ են լսվում: 10 րոպե անց ստացվեց նոր ահազանգ՝ Եղեգնաձորում կրակոցների ձայն է լսվում: Կես ժամ անց նույն հեռախոսից ստացվեց նոր զանգ. քաղաքացին հայտնեց, որ կրակոցների վերաբերյալ ահազանգողը հոգեկան խնդիրներ ունի:
Սակայն կրակոցի ձայն լսողներ էլի էին եղել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ Եղեգնաձորի Շահումյան փողոցում կան ինքնաձիգի պարկուճներ:
Ձեռնարկվեցին միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեցին մայիսի 6-ին տեղի ունեցած միջադեպի շատ մանրամասներ:
Եղեգնաձորի Բաղրամյան փողոցով արագ վարելու հարցի շուրջ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդից պարզաբանումներ ստանալու համար ժամը 22-ի սահմաններում 31-ամյա եղեգնաձորցի երիտասարդը ընկերների հետ «Մերսեդեսով» գնացել էր Շահումյան փողոցի ավտոլվացման կետ: Հնչեցրել էր հայհոյանքներ, սպառնացել, որ կջարդեն ավտոմեքենան: Վիճաբանել էր նաև ավտոտեխսպասարկման կետի սեփականատիրոջ և նրա երկու որդիների հետ: Քաշքշոցի ընթացքում 31-ամյա երիտասարդն ընկել էր, նրան հարվածներ էին հասցրել, ինչից էլ վրդովված՝ նա մոտը ապօրինի պահվող ինքնաձիգով կրակոցներ էր արձակել ավտոլվացման կետի ուղղությամբ: Բարեբախտաբար, սպանելու դիտավորությունը նպատակին չէր հասել: Հետո երիտասարդն ինքնաձիգը տարել-պահել էր Գետափ գյուղի մի հողամասում գտնվող տնակի տակ: Մայիսի 7-ին այն հայտնաբերվեց:
Սպանության փորձի մեղադրանքով մայիսի 17-ին երիտասարդի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որը տրամաբանական ավարտին հասավ մեկ ամիս անց` հունիսի 17-ին:
Դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը ճշտված է, այլ հանգամանքներ պարզվում են շարունակվող նախաքննությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: