Խուլիգանություն ու սպանություն մայրաքաղաքում․ ոստիկանների համատեղ բացահայտումը
Դեկտեմբերի 26-ին, ժամը 23.23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել էր հաղորդում, որ կտրած-ծակած վերքով Զավարյան փողոցից բուժօգնության է տեղափոխվել 1974 թվականին ծնված Կամո Գաբրիելյանը: Մոտ կես ժամ անց ստացվել է նոր հաղորդում․ գիտակցության չգալով՝ 49-ամյա տղամարդը մահացել է:
Քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ին, Արհեստավորների 1-ին փողոցում Կամո Գաբրիելյանն ու ևս հինգ հոգի վիճաբանել են Տոլստոյի փողոցի չորս բնակչի հետ։ Այդ ընթացքում նրանք կոպիտ կերպով խախտել են հասարական կարգը, հարվածներ հասցրել միմյանց, հնչեցրել հայհոյանքներ, իսկ 22-ամյա երիտասարդն էլ, իր մոտ եղած դանակով, հարվածել է Գաբրիելյանին:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով դեկտեմբերի 27-ին, գիշերվա ժամը 2-ին մոտ, Զավարյան փողոցում հայտնաբերվել է վիճաբանության մասնակիցներից մեկը և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։ Սրանից րոպեներ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել վեճի մասնակիցներից ևս մեկը։
Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գագարինի փողոցի մի տանը հայտնաբերվել, սպանություն և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել նաև դանակահարողն ու վեճի ևս մի մասնակից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: