ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց. ոստիկանության բացահայտումը

30.10.2020 17:46 Սպանություն
Սպանությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց. ոստիկանության բացահայտումը

Հոկտեմբերի 8-ին շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Հաղթանակի զբոսայգում տղամարդու դի կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը մահացածին հայտնաբերեց այգու նստարաններից մեկի վրա` որովայնի ծակած-թափանցող վերքով:
Իրավապահները ճշտեցին հանգուցյալի ինքնությունը՝ Գյումրիի Պուշկինի փողոցի բնակիչ էր, 59 տարեկան:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրի զննությունից հետո մշակվեց գործողությունների հետագա պլանը, առաջ քաշվեցին աշխատանքային վարկածներ: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները: Օպերատիվ-հետախուզական, նաև քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվեց, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 43 և 41 տարեկան գյումրեցի երկու եղբայրներ զբոսայգում վիճել էին տուժողի հետ, որի ընթացքում նրանցից ավագը դանակահարել էր 59-ամյա տղամարդուն` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:
Կասկածյալները նույն օրը բերման ենթարկվեցին ոստիկանության Կումայրիի բաժին:
Նրանք ձերբակալվել են: Հանգամանքները պարզվում են:
Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: