ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների նկատմամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ պարզաբանում
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի մի խումբ ծառայողներ իրենց գործողություններով նպաստել և մասնակցել են, որպեսզի ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալված ոստիկանության նույն բաժնի երեք ծառայողների հարազատներն ու ընկերները 2018 թ. հոկտեմբերի 20-ին տևական ժամանակ փակեն Երևան-Սևան ճանապարհը:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների կողմից ճանապարհը փակելու, գործադուլ կամ անհնազանդության ակցիա իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել:
Միաժամանակ պարզվել է, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և նույն վարչության Սևանի բաժնի ղեկավար կազմի մի խումբ ծառայողներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ ենթակա անձնակազմի հետ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարել վերջիններիս կարգապահության ամրապնդման ուղղությամբ, այդ աշխատանքների նկատմամբ չեն ցուցաբերել հետևողականություն, ինչպես նաև թերի են իրականացրել ենթակա ծառայողների գործառութային պարտականությունների նկատմամբ հսկողությունը, ինչի արդյունքում ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, տեղեկանալով իրենց գործընկերների հարազատների կողմից Սևան-Երևան ճանապարհը փակելու հանգամանքի մասին, առանց ղեկավարությանը զեկուցելու և առանց համապատասխան հանձնարարական ստանալու, մեկնել են ճանապարհի փակված հատված, ինչի հետևանքով տեղում նախապես պատշաճ ծառայություն չի կազմակերպվել, որն էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և նույն վարչության ղեկավար կազմի մի շարք ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: