Մարմնական վնասվածք, նաև` ապօրինի զենք. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 7-ի երեկոյան Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ էջմիածինցի մի տղամարդ ծեծել է ընկերուհուն ու պատճառել մարմնական վնասվածք, նաև պահում է ապօրինի զենք: Էջմիածնի Սասունցի Դավիթ թաղամասի հարակից դաշտում գտնվող շինությունում 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին: Պարզվեց, որ վիճաբանությունների ընթացքում նա ընկերուհուն ծեծել էր հունիսի 6-ի երեկոյան և հունիսի 7-ի առավոտյան. կնոջ մարմնին կապտուկներ կային: Պարզվեց, որ ճիշտ էր նաև օպերատիվ տեղեկության երկրորդ մասը: Տղամարդը խոստովանեց, որ ունի և պատրաստ է ներկայացնել ապօրինի հրազեն, որը պահում է նույն շինությունում:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հունիսի 8-ին զննություն կատարվեց հիշյալ շինությունում: Պահարանի տակ հայտնաբերվեցին կարճեցված փողով երկփողանի հրացան և 14 պարկուճ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: