Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի պահվող հրազեն են հայտնաբերել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ իր մոտ ապօրինի պահում է զենք-զինամթերք։ Նա հայտնաբերվեց հոկտեմբերի լույս 17-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, Էջմիածնի Կոմիտասի հրապարակի մոտակայքում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով և գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները գտել էր Արցախում ու պահել մոտը։ Երիտասարդն ու դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: