Անկախության տոնի առթիվ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել են նաեւ ոստիկանության մի խումբ վետերաններ
Բնակչության շրջանում պրոֆիլակտիկ դաստիարակչական եւ քարոզչական աշխատանքներ իրականացնելու, հանցավորության դեմ պայքարի գործում ոստիկանության հետ համագործակցելու, նաեւ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 23-րդ տարեդարձի՝ ոստիկանության պետի հրամանով, ի թիվս համակարգի այլ աշխատողների, պարգեւատրվել են նաեւ ոստիկանության մի խումբ վետերաններ:
Սեպտեմբերի 24-ին Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Գրիգորի Աբովյանը Երեւան քաղաքից պարգեւատրված վետերաններին հանձնեց «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններ:
Պարգեւատրվածների մեջ էին պաշտոնաթող փոխգնդապետ Վարդան Մինասյանը, պաշտոնաթող մայորներ Վահագն Գրիգորյանը եւ Արսեն Սարգսյանը, որոնք ոչ միայն ակտիվորեն մասնակցում են վետերանական աշխատանքներին, այլեւ ցուցաբերած զգոնության եւ բազմամյա փորձառության շնորհիվ կարողացել են բացահայտել եւ ոստիկանություն ներկայացնել հանցագործության կատարած անձանց:
Վետերանները խոստացան նոր ուժով ու եռանդով շարունակել համագործակցությունը գործող ոստիկանների հետ: