Ոստիկանները շարունակում են վերապատրաստվել
ՀՀ ոստիկանության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փոխգործակցության շրջանակներում հունվարի 23-ից 25-ն Աղվերանում տեղի ունեցավ «Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողների կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստմանը մասնակցում էին շուրջ 20 ծառայողներ: Ոստիկանության հասարակական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին` իր խոսքում ընդգծեց դասընթացի կարևորությունը, նաև ներկայացրեց բանախոսներին` Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան-փորձագետ Դավիթ Գևորգյանին և փորձագետ Իրինա Խանամիրյանին: Սեմինարի ընթացքում խոսվեց վկա և զոհ անչափահասների հոգեբանական առանձնահատկությունների, հոգեվիճակների տարբերության ու նրանց հետ հարցազրույց վարելու հմտությունների մասին: Ուսումնասիրվող և քննարկվող հարցերի շարքում էին` երեխաների նկատմամբ բռնության էությունը, տեսակներն ու հոգեբանական հետևանքները: «Բռնությունը կարող է իրականանալ ինչպես ֆիզիկական ուժի կիրառմամբ, այնպես էլ` առանց»,-ոստիկաններին պարզաբանում էին բանախոսները, բացատրում, թե հոգեբանական տրավման ինչ ազդեցություն կարող է ունենալ բռնության ենթարկված երեխայի վարքային դրսևորումների վրա: Փորձագետները ներկայացրին, թե հոգեբանական բռնության ինչ տեսակներ ու ձևեր կան: Բռնության հոգեբանական և կլինիկական հետևանքներից զատ, խոսեցին անչափահասների տարիքային առանձնահատկությունների և զոհի աջակցության սկզբունքների մասին` ընդգծելով, որ զոհի աջակցության առաջնային նպատակը նրա կարիքների գնահատումն է, հուզական կայունության վերականգնումն ու հետագա տրավմատիզացիայի կանխումը: Դասերն ընթանում էին նաև կոնկրետ օրինակների քննարկման, հարց ու պատասխանի միջոցով: Վերապատրաստման նման դասընթացները հնարավորություն են ընձեռում ոստիկաններին անհրաժեշտ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել` անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Դասընթացների հաջորդ փուլը կմեկնարկի փետրվարի 6-ին: