Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին և նրան ուղեկցող անձանց
2012 թ. փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին և նրան ուղեկցող անձանց:
Շնորհավորելով հյուրին դեսպանի պարտականությունները ստանձնելու առթիվ` Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց համակարգում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են կառուցվածքային, կադրային, գործառնական ոլորտները, ինչպես և ուղղված են ծառայողների անձնային ու մասնագիտական որակների կատարելագործմանը:
Ոստիկանության պետը արդարադատության լիարժեք իրականացման և մարդու իրավունքերի պաշտպանության տեսանկյունից առանձնակի կարևորեց վերջերս ՀՀ ոստիկանության և Փաստաբանների պալատի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որն ուղղված է իրավունքի ոլորտում համագործակցության կատարելագործմանը, օրենքի գերիշխանության հաստատմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդմանը:
Կողմերը բարձր գնահատեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, որն արդեն քանի տարի ոստիկանության գլխավոր գործընկերներից է` փաստելով, որ համագործակցությունը տեսանելի արդյունքներ է տալիս և առաջիկայում շարունակվելու ու խորանալու է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխգործակցության շրջանակի այլ հարցեր ևս, իսկ ավարտին հյուրերին ներկայացվեց Հայաստանի ոստիկանությունում կազմավորվող նոր ստորբաժանման ծառայողների համազգեստը: