ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ
Հայրը չէր, որդին էր․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել էր, թե իր տան բակում վիճաբանել է հարևանի հետ, և երկաթով մարմնական վնասվածք է հասցրել նրան՝ իր կնոջը հարվածելու համար:
Քիչ անց հաղորդում էր ստացվել նաև հիվանդանոցից․ 36-ամյա հարևանը բուժօգնության էր տեղափոխվել կտրած-ծակած վերքով։
Մեկնել էին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները։ Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, 50-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել էր Կոտայքի բաժին։ Այստեղ նա և կինը հաղորդում էին տվել, որ բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարևանը քարով հարվածել է կնոջ մեջքին, իսկ բահով՝ ամուսնու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո էլ ամուսինը երկաթե խողովակով մի քանի անգամ հարվածել է հարևանին։
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որ շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ հարևանին մարմնական վնասվածքներ է պատճառել ոչ թե 50-ամյա տղամարդը, այլ նրա 19-ամյա որդին, ու ոչ թե խողովակով, այլ դանակով:
Հոկտեմբերի 6-ի առավոտյան ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները որդուն ձերբակալել ու ներկայացրել են քննչական բաժին։ Այստեղ նա ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, որից հետո տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: