ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պատվիրակության այցերը Վրաստանի ՆԳՆ տարբեր ծառայություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

18.12.2018 17:58 Պաշտոնական
ՀՀ ոստիկանության պատվիրակության այցերը Վրաստանի ՆԳՆ տարբեր ծառայություններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պաշտոնական այցի շրջանակում հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ եղավ Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնում:
Ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրեց ծառայության բնույթն ու գործառույթները, ինչից հետո հյուրերը շրջեցին կենտրոնում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնը գործում է 2016 թվականից: Հենց այստեղից են ղեկավարվում և համակարգվում հանրապետության փողոցներում տեղադրված տեսախցիկները:
Ի դեպ, տեսախցիկները ոչ միայն արձանագրում են խախտում կատարած մեքենաների համարանիշերը, այլև հնարավորություն ունեն նույնականացնելու խցիկի տեսադաշտում հայտնված քաղաքացուն՝ ցույց տալով նրա անհատական տվյալները:
Ծրագրվում է շուրջ մեկ տարի հետո տեսախցիկները թիվը հասցնել 4000-ի, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել երթևեկության վերահսկումը, հասարակական կարգի պահպանությունն ու պայքարը հանցավորության դեմ:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության Ռուսթավիի կոնտրոն: Գործակալության ղեկավարությունը ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները:
Պատվիրակության անդամները ծանոթացան ծառայության գործակալության տեխնիկական հագեցվածությանը, տրանսպորտային միջոցների հաշվառման, համարանիշերի տրամադրման աշխատանքին:
Ծառայության գործակալության այսպիսի կենտրոններում են տրվում նաև վարորդական վկայականները: Հայկական պատվիրակությանը ներկայացվեց նաև դրանց տրամադրման փուլերն ու գործընթացը:
Վրաստանի Հանրապետությունում գործում է նման 11 կենտրոն, ինչը դյուրացնում է հանրությանը ծառայություններ մատուցելու գործընթացը, արդյունավետ դարձնում իրավապահների աշխատանքը, բացառում անհարկի հապաղումներն ու քաղաքացու ժամանակի կորուստը: