«Տնտեսական հանցագործությունների դեմ պայքար (փողերի լվացում)» թեմայով սեմինար՝ Վարշավայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 23-ից 25-ը Եվրոպական Հանձնաժողովի նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում կայացավ «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքար (փողերի լվացում)» թեմայով սեմինար:
Միջոցառման ընթացքում Լեհաստանի իրավապահ ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան տնտեսական և համակարգչային հանցագործությունների վերաբերյալ դասախոսություններով, լուսաբանվեցին այդ հանցատեսակների կատարման նոր եղանակներն ու դրանց դեմ պայքարի մեխանիզմները:
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որի կազմում էին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, իրավաբանական վարչության, կրթահամալիրի և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները, սեմինարի օրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ինչպես ներկայացվող զեկույցների, այնպես էլ դրանց շուրջ ծավալված քննարկումների ընթացքում:
Միջոցառման շրջանակներում մեր պատվիրակությունն այցելեց Վարշավայի ոստիկանության ստորաբաժանում, որտեղ ներկայացվեցին իրավապահ մարմնի աշխատանքային առօրյան, ծառայության ընթացքում հաճախ ծագող խնդիրները, ինչպես և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կիրառվող հատուկ միջոցները:
Սեմինարի ավարտին մասնակիցներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին վկայականներ։
Միջոցառումը հնարավորություն ընձեռեց հանդիպել ոլորտի առաջատար մասնագետներին, ովքեր իրենց լավագույն փորձը ներկայացրին մասնակիցներին: