ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ («Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Բացակաների ու մեռյալների հաշվին» հոդվածի առնչությամբ)
«Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Բացակաների ու մեռյալների հաշվին» հոդվածում Դանիել Իոաննիսյանը տարածել է քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներին վերաբերող օրենքի պահանջներից չբխող իր ենթադրությունները և սուբյեկտիվ դատողությունները: Ըստ Իոննիսյանի՝ մշտապես բնակվողների մեջ մտնում են նաև անձինք, ովքեր հիմա Հայաստանից ժամանակավոր բացակայում են՝ զավեշտալի համարելով քվեարկությանը մասնակցող անձանց թվի աճը: Վերջինս ցուցակները համարում է ուռճացված, քանի որ մեծ թվով քաղաքացիներ արտագաղթում են Հայաստանից, սակայն կամ չեն հրաժարվում քաղաքացիությունից, իսկ հրաժարվելու դեպքում դիմումը ոստիկանությունում կորչում է: Արդյունքում՝ այդ քաղաքացիները մնում են պետական ռեգիստրում և ընտրողների ցուցակներում: Ըստ հոդվածագրի ցուցակներում մնում են նաև արտերկրում մահացած անձանց տվյալները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր, ներառվում են ցուցակներում: Վերջինս այլ անձի փոխարեն քվեարկությունները կանխարգելելու համար առաջարկում է ցուցակներից հանել Հայաստանից մեկ տարի առաջ դուրս եկած և մուտք չգործած անձանց տվյալները, այն տարեցներին, ովքեր երկու-երեք տարուց ավելի թոշակ չեն ստացել, քանի որ, եթե թոշակ չեն ստանում, կարելի է մտածել ողջ չեն:
Եթե հոդվածագիրը հետևեր ՀՀ ոստիկանության կողմից տարածված պարզաբանումներին, հայտարարություններին, միգուցե հոդվածը նման բովանդակությամբ չհրապարակվեր:
Այնուամենայնիվ, ապատեղեկատվությունը բացառելու համար ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է:
1. ՀՀ ոստիկանությունը բազմիցս իրազեկել է քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների ձևավորման իրավական հիմքերը և կարգը: Մասնավորապես, ընտրողների ռեգիստրը ձևավորվում է ոչ թե վիճակագրական ցուցանիշերի կամ այլ վերլուծությունների արդյունքում, այլ բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ինչ վերաբերում է վիճակագրական ծառայության ցուցանիշների համաձայն մշտապես բնակվողների շարքում ժամանակավոր բացակայողներին նույնպես ներառելը, թերևս նշված կարծիքին դեմ չենք, սակայն մեկ վերապահումով: Առաջարկվում է հոդվածագրին հստակ ուսումնասիրել վիճակագրական ծառայության գործունեությունը, նորմատիվները, միջազգային նորմերի պահանջները: Արդյունքում պարզ կդառնա, որ ժամանակավոր բացակայողների թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մարդահամարի պահին իրենց հիմնական (մշտական) բնակության վայրից բացակայում են մինչև մեկ տարի ժամկետով:
ՀՀ ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանելու անձանց: Քաղաքացին այլ վայր (այդ թվում նաև օտարերկրյա պետություն) բնակության մեկնելիս ինքն է սահմանված կարգով տեղեկացնելու նոր բնակության վայրի հասցեն: Արդյունքում, մեկ պատուհանի սկզբունքով վերջինս կհանվի նախկին բնակության վայրի հասցեից և կհաշվառվի նոր բնակության վայրի հասցեով:
Բացի այդ, բնակելի տարածության սեփականատերը նույնպես իրավասու է հաշվառումից հանելու դիմում ներկայացնելու տվյալ բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձանց:
Իրավական նույն տրամաբանությունը գործում է նաև հակառակ պարագայում: Քանի դեռ անձը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ բնակության վայրի հասցեով, անկախ այն հանգամանքից ՀՀ քաղաքացու անձնագիր կրողը որտեղ է բնակվել կամ բնակվում (ԼՂՀ-ում, թե այլ վայրում) չի կարող ընդգրկել քվարկությանը մասնակցող անձանց ցուցակներում:
Ինչ վերաբերում է քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները կենսաթոշակ չստանալու փաստական հիմքով կազմելու տրամաբանությանը, այն նույնպես դուրս է գործող իրավակարգավորումների շրջանակներից:
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ՀՀ Նախագահի հրամանգրով:
Հաճախ ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմում են ոչ թե սահմանված ընթացակարգով /օտարերկրյա պետությունում ՀՀ հյուպատոսական հիմնարկ կամ անձնագրային և վիզաների վարչություն/, այլ օտարերկյա պետությունների իրավասու մարմիններ՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարություն: Արդյունքում, այդ անձանց քաղաքացիությունը չի դադարեցվում, քանի որ, ինչպես արդեն նշվեց, դադարեցման միակ իրավական հիմքը ՀՀ Նախագահի հրամանագիրն է:
Քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ընթացքին քաղաքացու կողմից հետամուտ չլինելը որևէ կերպ չի խոչընդոտում գործընթացի մասին նրա իրազեկված լինելուն: Օրենսդրության համաձայն` քաղաքացիության դադարեցման դիմումի ընթացքի, ինչպես նաև` ՀՀ Նախագահի հրամանագրի ստորագրման փաստի մասին քաղաքացին իրազեկվում է էլեկտրոնային փոստի կամ SMS հաղորդագրությունների միջոցով:
Ինչ վերաբերում է օտարերկյա պետությունում գտնվելու դեպքում ՀՀ քաղաքացիությունից չհրաժարվելուն, կարծում ենք, այն չպետք է զավեշտալի թվա:
3. Մահացած անձի տվյալները ընտրողների ռեգիստրից հանվում են ոչ թե կենսաթոշակ չստանալու հիմքով, տարիքային տրամաբանությամբ, այլ փաստական հիմքերի առկայության դեպքում:
Հաշվի առնելով այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվել են քվեարկությանը մասնակցող անձանց նախնական ցուցակները և նախատեսված է դրանց ճշգրտման համար ժամկետ, ուստի ՀՀ ոստիկանությունը ոչ միայն վերը նշված դեպքով, այլ ամբողջ ծավալով իրականացնում է աշխատանքներ՝ ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելու, դրանք վերացնելու ուղղությամբ, իսկ մահացած անձանց տվյալները հավաքագրվում են և վերջնական ցուցակաները հրապարակելիս առկա չեն լինի ցուցակներում:
Տրամաբանական եզրահանգումներ կատարելու փոխարեն, կոչ ենք անում աջակցել վերը նշված աշխատանքներում, եթե ոչ՝ գոնե չտարածել ապատեղեկատվություն:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ