Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Բերդ-Իջևան ճանապարհին՝ Վազաշեն գյուղի տարածքում, ստուգման նպատակով կանգնեցրել են նույն գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան համարանիշեր չուներ, իսկ թափքում մոտ 2,5 խորանարդ մետր փայտանյութ կար: Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ փայտանյութի օրինականության մասին փաստաթուղթ չունի, այն ձեռք է բերել Արծվաբերդի անտառպետության տարածքից՝ հատելով երեք կանգուն ծառ:
Երիտասարդը ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: