Բացահայտվել է հանցավոր սխեմա․ տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։
Գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց հետ, ձևավորել են հանցավոր սխեմա։ Մասնավորապես, ավտոկայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարող տաքսու վարորդներից պահանջել ու ստացել են օրական 700-ից 1000 դրամ՝ սպառնալով, որ չտալու դեպքում կարգելեն նրանց աշխատանքը։
Գլխավոր վարչություն են հրավիրվել մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տվել են ըստ էության նույնաբովանդակ բացատրություններ՝ հաստատելով իրավապահների տեղեկությունները։ Տաքսու վարորդներից օրական 700-ից 1000 դրամ վերցնելը իր բացատրությամբ հաստատել է նաև ավտոկայանի տնօրենի հորեղբայրը։
Կատարվածի բոլոր հանգամանքները ոստիկանությունում ընթացող հետաքննությամբ պարզվում են։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: