Փորձել էին խանութից հափշտակել վճարային տերմինալը. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Մարտի 6-ին Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութից փորձել էին գողանալ վճարային տերմինալը: Բայց խանութի աշխատողները նկատել էին հանցամիտներին, նրանք էլ գցել էին գողոնը և «Տոյոտա» մակնիշի մեքենայով փախել:
Կատարվածի մասին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Սարի թաղ մեկնած ոստիկաններն ուսումնասիրեցին խանութի տարածքը, կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները հաղորդումից ժամեր անց պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Նրանցից մեկը՝ Քասախ գյուղի, երկուսը՝ Երևանի բնակիչներ են: Մարտի 7-ի երեկոյան նրանք հայտնաբերվեցին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում ու բերման ենթարկվեցին բաժին:
Բերման ենթարկվածներից մեկի վարձակալած տարածքի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, վճարային տերմինալ, որը, ինչպես պարզվեց, Արշակունյաց պողոտայից էին գողացել: Քրեական հետախույզների աչքից չվրիպեց նաև բակում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենան, որով նրանք գողության էին գնացել։ Պարզվեց, որ մեքենայի համարանիշերը նույնպես գողացված էին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: