Ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով
Մարտի 9-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհին արնաշաղախ կին կա:
Նույն օրը, ժամը 20.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քանաքեռավան գյուղի գինու գործարանի մոտ ոստիկան ուղարկեն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ քաղաքացին 1984 թ. ծնված Իշխան Խ.-ն է, իսկ նշված կինը նրա քույրը` 1985 թ. ծնված Ռուզան Խ.-ն:
Իշխան Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, իր հորեղբոր որդին` 1980 թ. ծնված Ազիզ Խ.-ն, Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին, չպարզված հանգամանքներում դանակով հարվածել է քրոջ մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` Ռուզան Խ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 11-ին, ժամը 14-ին, Ազիզ Խ.-ն ներկայացել է Նաիրիի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նույն օրը Ազիզ Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: