ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են հիվանդանոցից փախած դատապարտյալին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն արտակարգ ահազանգ հնչեց։ 31-ամյա տղամարդը հայտնում էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից դատապարտյալ է փախել։ Խոսքը 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկված, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 45-ամյա Հայկ Գալստյանի մասին էր, որը բուժման նպատակով էր տեղափոխվել հիվանդանոց։
Բուժհաստատությունից փախուստի դիմած դատապարտյալին րոպե առաջ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, ինչպես և պարեկապահակետային ծառայության գնդի երրորդ հատուկ գումարտակի ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում ոստիկանները պարզեցին, թե հիվանդանոցից դուրս գալուց հետո նա որտեղ է գնացել, և, որ ամենակարևորն է՝ որտեղ է գտնվում։
Փետրվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Հայկ Գալստյանին հայտնաբերեցին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործող հյուրանոցային համալիրներից մեկի բակում և բերման ենթարկեցին բաժին։
Նա տեղափոխվել է ազատազրկման վայր։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: