Փախուստի ընթացքում նետել էր ատրճանակն ու լիցքավորված փամփշտատուփը
Հունիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Աթոյան անցուղու տներից մեկի մոտ գտնվող երիտասարդի մոտ զենք կա: Նշված հասցե մեկնեցին Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողներ: Ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդը դիմեց փախուստի՝ այդ ընթացքում ավտոտնակների մոտ նետելով ատրճանակի լիցքավորված պահեստատուփ, իսկ Աթոյան անցուղու տներից մեկի պարսպի տակ՝ ատրճանակ: Հետապնդելով՝ ոստիկանները նրան բռնեցին, ձերբակալեցին և ներկայացրին Էրեբունու բաժին, որտեղ պարզվեց ինքնությունը՝ Աթոյան անցուղու 26-ամյա բնակիչ: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվեցին «Մակարով» տիպի ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: