Փետրվարի 7-ին Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն
2012 թ. փետրվարի 7-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ընդգծելով Հայաստանի ոստիկանության պետի հետ առաջին հանդիպման կարևորությունը` Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ երկու երկրների ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները մեծ ներուժ ունեն և առաջիկայում կարող են վերածվել լիարժեք համագործակցության:
Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կսերտանա` հատկապես նկատի ունենալով լեհ գործընկերների փորձն արդյունավետ օգտագործելու հեռանկարը:
ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ համակարգում ընթացող բարեփոխումներին` նշելով, որ առանձնապես կարևորում է մարդկային գործոնը` ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, որը հաջողության գրավականներից է:
Ոստիկանության պետը հյուրին ներկայացրեց ոստիկանության գիշերային ծառայության ուժեղացման ընթացքը, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են այդ ժամերին կատարվող հանցագործությունները:
Անդրադառնալով պարեկային ծառայության կազմավորմանը` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքների նպատակը հանցագործությունների կանխարգելումն է, իսկ համակարգում ընթացող կադրային և կառուցվածքային փոփոխությունները, ինչպես և տեխնիկական վերազինումը ուղղված են ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելուն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: