Ոստիկանները բացահայտել են տարադրամի փոխանակման կետում կատարված ավազակությունը
Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։ Դեպքի վայր մեկնեցին Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբեր, նաև քննիչներ, փորձաքրեագետներ ու պարեկներ։ Պարզվեց, որ կատարվածն ավազակույթուն էր. ժամը 23-ի սահմաններում գլխարկով ու բժշկական դիմակով մեկը, ձեռքին նռնականման առարկա, մտել էր սուպերմարկետ, և պայթեցնելու սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից փող էր հափշտակել ու փախել: Տուժողից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Ավանի քրեական հետախույզներն ուսումնասիրեցին ավազակություն կատարած անձի փախուստի հավանական հետագիծը։ Արդյունքում տարբեր վայրերում հայտնաբերվեցին նրա բաճկոնը, դիմակը, ինչպես նաև՝ նռնակը։
Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, Վաղարշյան փողոցում հայտնաբերվեց և, ավազակություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ 27-ամյա մի տղամարդ։ Նա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: