Նոր տեխնիկայի և սարքավորումների ներկայացում՝ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում կայացավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության կողմից ՀՀ ոստիկանությանն անհատույց տրամադրված փորձաքրեագիտական տեխնիկայի և սարքավորումների ներկայացումը:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ ոստիկանության ղեկավարությունը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ։
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունը:
Փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը
մասնակիցներին տեղեկացրեց, թե տրամադրված տեխնիկան և սարքավորումները քրեագիտական որ ոլորտներում են օգտագործվում և ինչ հնարավորություններ են ընձեռում դեպքի վայրերի զննության ու տարբեր բնույթի փորձաքննություններ կատարելու գործում։
Ոլորտի մասնագետները կարևորեցին նաև այն հանգամանքը, որ ստացված տեխնիկան և սարքավորումները կնպաստեն դեպքի վայրերում զննություն կատարելիս առաջին հայացքից չերևացող հետքերի հայտնաբերմանը, վերցմանը և ֆիքսմանը, ինչպես և տարբեր ոլորտի փորձաքննություններ կատարելիս կբարձրացնեն դրանց որակը։