ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը երկու տարեկան է
Հուլիսի 7-ին Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներկա էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներն ու աշխատակիցներ։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին, բարձր գնահատեց կենտրոնի աշխատակիցների շուրջօրյա և պրոֆեսիոնալ աշխատանքը։ Նա հավաստիացրեց, որ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները հնարավորություն կտան կատարելագործելու Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքը և առավել բարձրացնելու ծառայության արդյունավետությունը։
Շնորհավորական խոսք ասաց նաև ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին մաղթելով հաջողություններ և անփորձանք ծառայություն՝ նշեց, որ ստորաբաժանումն արդեն կայացած կառույց է, ինչը երկու տարվա ընթացքում ապացուցվել է կատարած աշխատանքով:
Ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ աշխատակիցներ արժանացան գերատեսչական պարգևների։
2021 թ. հուլիսի 7-ին գործարկվեց ոստիկանության օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքը, իսկ 2022-ին և 2023-ին՝ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի և Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնները։
Ստորաբաժանումը սկսեց գործել ժամանակակից տեխնիկական և ծրագրային նոր տեխնիկայով և հնարավորություններով։
Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներն իրականացնում են հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ահազանգերի ընդունում, գրանցում, հաշվառում և ըստ ենթակայության փոխանցում։ Նրանք նաև քաղաքացիներին տրամադրում են մասնագիտական օգնություն։
Երկու տարվա ընթացքում կենտրոնում ստացվել են 1 107 434 հաղորդումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք։ Նույն ժամանակահատվածում ստացվել են 93 687 օպերատիվ ամփոփագրեր։
Այսօր ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը գործունակ կառույց է, որը, համագործակցելով ոստիկանության բոլոր ստորաբաժանումների և ծառայությունների հետ, շարունակում է պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները։