Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 3-ին ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողություն իրականացնող խմբի ղեկավար, ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետն ու տեղակալները, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի, ոստիկանության զորքերի և մի շարք այլ ստորաբաժանումների պետերի տեղակալները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ենթակա անձնակազմերի կողմից ՀՀ Սահմանադրության, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ ընտրական օրենսգրքի, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» և այլ իրավական ակտերի լրացուցիչ ուսումնասիրության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ներգրավվող ուժերի հաշվարկի, անձնակազմերին առաջադրվող խնդիրների հրահանգավորման, սպասարկվող տարածքներում գործող շտաբների և հարակից տարածքների անվտանգության ապահովման և այլ հարցեր:
Օպերատիվ խորհրդակցության մասնակիցներին հրահանգվեց սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 2015 թ. հոկտեմբերի 15-ի հրամանով հաստատված պլանով նախատեսված միջոցառումները:
Ըստ ծառայություն իրականացնող ստորաբաժանումների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: