Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Հոկտեմբերի 13-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած արդյունավետ աշխատանքի համար և հանձնարարեց խրախուսման ներկայացնել սրտացավ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ աչքի ընկած բոլոր ոստիկաններին:
Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված հրազենով կատարված հանցագործություններին` Վալերիյ Օսիպյանը անթույլատրելի համարեց օպերատիվ իրավիճակի վերահսկողության թեկուզ փոքր-ինչ թուլացումը և պատասխանատուներին կարգադրեց մշտապես տեսադաշտում պահել քրեական ակտիվության հակված տարրերին, բացատրական ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել այդպիսի իրավիճակները բացառելու համար, անհանդուրժող լինել ոստիկանության այն ծառայողների նկատմամբ, որոնք անհրաժեշտ պատասխանատվություն ու հետևողականություն չեն դրսևորում օպերատիվ իրավիճակի կատարյալ վերահսկելիություն ապահովելու գործում:
Խորհրդակցության կարևոր օրակարգային հարցերից էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում ոստիկանության լիարժեք ծառայության կազմակերպման խնդիրը:
Վալերիյ Օսիպյանը օրինակ բերելով Երևանի ավագանու ընտրությունների դրական փորձը` պատասխանատուներին հանձնարարեց անել առավելագույնը ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության պահպանման ուղղությամբ` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, բնակչության տրամադրությունները, օպերատիվ իրավիճակը:
Ոստիկանության պետը հանձնարարեց օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հանդիպումներ ունենալ համայնքների ներկայացուցիչների, թեկնածուների ու նրանց համակիրների հետ, պարզաբանել ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, իրենց պարտականություններն այդ գործում, ոստիկանության հետ գործակցելու առանձնահատկությունները:
Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ միայն լիարժեք ծառայություն իրականացնելու դեպքում հնարավոր կլինի ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը, հանձնաժողովների արդյունավետ աշխատանքն ու քաղաքացիների` ընտրելու իրավունքի լիարժեք իրացումը:
Խորհրդակցության ավարտին քննարկված բոլոր ուղղություններով մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: