Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 29-ից փետրվարի 1-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 18-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, խարդախության` 19, թմրանյութի հայտնաբերման, բնակարանային գողության և ընտանեկան բռնության՝ 9-ական, ապօրինի ծառահատման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, մարդու շահագործման ու ծեծի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, սուտ մատնության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի որսի փորձի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և թմրանյութի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 16, կողոպուտի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 5 մարդ զոհվել է, 63 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: